Հարգելի՛ պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան…
Հարգելի՛ պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, 《Մարտիկներ Հանուն Արդարության ժողովրդավարության զարգացման 》ՀԿ-ն դիմում է Ձեզ՝ Ձեր և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու մի շինծու քրեական գործի վրա՝ գործը կարճելու խնդրանքով: Դեռևս 2016թ-ին՝ Սասնա Ծռեր խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց և այնուհետ սեփական երկրի մայրաքաղաքում արյունահեղությունից խուսափելու համար խմբի կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո, նախկին ռեժիմի դեմ պայքարելու պատրաստ ՀՀ քաղաքացիների մոտ հուսալքություն առաջացավ առ այն, որ ապստամբությունը ճնշված է ու նախկին ռեժիմի դեմ այլևս որևէ ուժ չի կարող հաջողությամբ պայքար մղել:
Հուսահատության այդ մթնոլորտը ցրելու և հանցավոր ռեժիմի դեմ պայքարը շարունակելու համար իր հայրենիքի ցավով ու հոգսերով ապրող մի հայրենանվեր հայ մարդ՝ Ռոբերտ Քուրքյանը , ով ապրել և ապրում է ԱՄՆում, 2016թ-ի նոյեմբեր ամսին հանդես եկավ ֆեյսբուքյան հայտարարությամբ՝ կոչ անելով ՀՀ բոլոր քաղաքացիներին ինքնակազմակերպվել և ինքնաբուխ կերպով պայքարել իշխող հանցավոր ռեժիմի դեմ՝ մինչև վերջնական հաղթանակ: Այս հայտարարաության կապակցությամբ պարոն Քուրքյանի դեմ նախկին ռեժիմի ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ապա և հետախուզում հայտարարեց: ՀՀ ԱԱԾ-ն ԱՄՆ-ից պահանջեց Հայաստանին հանձնել պարոն Քուրքյանին, սակայն մերժում ստացավ ԱՄՆ-ի կողմից: Ռոբերտ Քուրքյանն այն հայն է, ով իր ամբողջ կյանքի ընթացքում աջակցել և աջակցում է բազմաթիվ մեր հայրենակիցների՝ զանազան խնդիրների լուծման համար: Նա ջանք ու եռանդ չի խնայել 2018թ-ին հեղափոխության հաղթանակի համար:
Եվ այսօր, երբ նախկին հանցավոր ռեժիմը կորցրել է իշխանությունը, բոլո՛րս, այդ թվում և պարոն Քուրքյանը, լիահույս ենք, որ մեր երկրում հաստատված է արդարություն ու բոլոր նմանատիպ շինծու գործերը մոտ ապագայում կկարճվեն: Այդ գործի պատճառով պարոն Քուրքյանը, անգամ հեղափոխությունից հետո, չի կարողանում գալ իր հայրենիք: Պարո՛ն վարչապետ, խնդրում ենք ուշադրություն դարձնել պարոն Ռոբերտ Քուրքյանի դեմ հարուցված շինծու քրեական գործին և քննելով դրա հանգամանքներն ու համոզվելով, որ բացարձակապես արհեստական գործ է, խնդրում ենք կարճել այն: Հարգանքով՝ ՄՀԱ ժողովրդավարության զարգացման ՀԿ:
27.01.2020թ
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |