Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով, վստահ եմ՝ եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն․ ԱԳ նախարարը՝ դիերի որոնողական աշխատանքներն արգելելու Ադրբեջանի որոշման մասին
«Ինչպես տեսնում եք՝ ես շարունակում եմ աշխատել ակտիվ ռեժիմով, խնդրում եմ այլ հարցեր տվեք»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով իր հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերին, նշեց ԱԳ նախարար Արա Այվազյանը: Հարցին, թե ինչու է Ադրբեջանն արգելել դիերի որոնողական աշխատանքների իրականացումը, Այվազյանը նշեց. «Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով և վստահ եմ, որ մոտ օրերս, եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն»:
Ինչ վերաբերվում է ռազմագերիների հարցին՝ նախարարը նշեց, որ ռազմագերիների հարցը 24-ժամյա ռեժիմով իրենց ուշադրության ներքո գտնվող հարցերից է. «Մեր միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Եթե նկատել եք՝ միջազգային ճնշումը գնալով աճում է և գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը կամաց -կամաց դառնում է գլխացավանք հենց Ադրբեջանի համար: Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից և անհապաղ լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»: Թե ինչ ժամկետներում է դա հնարավոր լուծել, Արա Այվազյանը հորդորեց համբերությամբ լցվել և նշեց, որ թե՛ իշխանության, թե՛ միջգերատեսչական հանձնաժողովի և թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից արվում է ամեն ինչ:
Այվազյանը շահարկում համարեց լրագրողների այն հարցադրումը, որ նա ամիսներ առաջ հայտարարել էր, թե մենք պատերազմի դաշտում ենք պարտվել, իսկ դիվանագիտական դաշտում ձախողում չենք ունեցել՝ հավելելով, որ այդ կապակցությամբ արդեն արել է հայտարարություն:
Անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը և 2018 թվականին Արցախյան հարցը լուծելու հեռանկարների և հնարավորությունների մասին՝ ասաց. «Տարբեր ժամանակներում եղել են այսպիսի հույսի շրջաններ, երբ բոլորիս, այդ թվում՝ համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն: Մեղքը, կարծում եմ, ո՛չ համանախագահներինն է, ո՛չ Հայաստանինը: Շատ անգամ, ինչպես օրինակ, Կազանի բանակցությունների ժամանակ, Ադրբեջանը վերջին պահին առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայակոչում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը»:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |